Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենք Փալոնն ու Ռոբերտ Դոլդը հանդես են եկել բաց նամակով, որով կոչ են արել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մյուս գործընկերներին աջակցել ԱՄՆ-ի բյուջեի 2017թ. նախագծի շրջանակում Հայստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության ավելացմանն ուղղված իրենց առաջարկներին:
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել գործընկերներին աջակցել ՀՀ-ին ու ԼՂ-ին ֆինանսական օգնության ավելացմանն ուղղված նախաձեռնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է Asbarez-ը, մասնավորապես՝ Փալոնն ու Դոլդն առաջարկում են ԼՂ-ում մարդասիրական ու զարգացման ծրագրերի համար տրամադրել առնվազն 5 մլն դոլար, 40 մլն դոլարից ոչ պակաս գումար տրամադրել Հայաստանին, ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ այդ երկիրը շարունակում է հարձակումներ իրականացնել շփման գծում։
Բացի այդ, նրանք կոչ են անում ֆինանսական օգնություն տրամադրել սիրիահայերին, իսկ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության առնվազն 10 տոկոսն ուղղել հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել էր Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: