ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը բաց նամակով դիմել են Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբամային` կոչ անելով ճնշում գործադրել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կարգավորելու համար։
Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Օբամային ճնշում գործադրել Ալիևի վրա` ԼՂ հակամարտության կարգավորման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է Asbarez-ը, մարտի վերջին Ալիևն այցելելու է Վաշինգտոն` մասնակցելու Միջուկային գագաթաժողովին: Ուստի` կոնգրեսականները կոչ են անում Օբամային օգտվել Ալիևի այցից ու անձամբ ճնշում գործադրել նրա վրա տվյալ հարցով։
Հայտնի է, որ այս նամակը հիմնված է ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի 85 ադամների կողմից ԱՄՆ-ի պետդեպին ուղղված բաց նամակի վրա: Դրանում կոչ էր արվում շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ծանր զրահատեխնիկան, տեղադրել կրակի արձակման հստակ վայրը ֆիքսող համակարգեր, ինչպես նաև շփման գծում ավելացնել ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի արձանագրման համար:
«Մենք միանում ենք Էդ Ռոյսի ու Բրեդ Շերմանի` Օբամային ուղղված կոչին, ըստ որի՝ նախագահը չպետք է բաց թողնի բացառիկ հնարավորությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեցող առաջարկները կյանքի կոչելու համար»,-նշել է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի նախագահ Արամ Համբարյանը: