Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության:
Երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ. ԵԿՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկրապահ» կամավորական միությունը։
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբներ են գործում նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում:
Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաեւ շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել եւ այսօր են անդամագրվում Երկրապահին:
Այսօր վաղ առավոտից արդեն կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ` համապատասխան առաջադրանքների: Բնականաբար, քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների հետ` ՀՀ եւ արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների եւ պաշտպանության նախարարների»։