Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում տեղակայված թուրքական զինված ուժերի բազայում երեկ ուշ գիշեր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ զինծառայող մահացել, 27-ն էլ վիրավորվել են:
PKK-ն Դիարբեքիրում ռազմական բազա է պայթեցրել. կան զոհեր եւ վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկները: Ականապատված ավտոմեքենան մուտք է գործել Դիարբեքիրի Հանի թաղամասում տեղակայված ռազմական բազա եւ հեռահար կառավարմամբ պայթեցվել:
Ուժգին պայթյունի հետեւանքով ժանդարմական հրամանատարության շենքը մեծ վնաս է կրել: Վիրավորներն ուղղաթիռներով տարվել են Դիարբեքիրի ռազմական հոսպիտալ: Պայթյունից հետո թաղամասը հոսանքազրկվել է, անջատվել են նաեւ հեռախոսակապն ու ինտերնետը:
Հանի թաղամասի առաջին ատյանի դատարանը ԶԼՄ-ներին արգելել է հրապարակումներ անել պայթյունի վայրից: