Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Մուսայելյանն այս օրերին հաճախ է հիշում 1990-ականների պատերազմը, երբ իր երեք անչափահաս երեխաների հետ հաճախ թաքնվում էր թոնրի մեջ:
90-ականներին 3 փոքր երեխաներիս թոնրի մեջ եմ պահել, բայց Մարտունիից մի րոպեով չեմ հեռացել. մաթեմատիկայի ուսուցչուհի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էն ժամանակ մարդկանց մի մասը հեռանում էր, բայց ես 3 փոքր երեխաներիս թոնրի մեջ եմ պահել, բայց Մարտունիից մի րոպեով չեմ հեռացել: Մի առավոտ արթնացա, տեսնեմ` մեր թաղում մենակ ես եմ կին մնացել»,- երկուսուկես տասնամյակ առաջ տեղի ունեցած դեպքերը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիշել է տիկին Նելլին:
Թաղամասում Նելլիին բոլորը ճանաչում են, կային կանայք, որոնք Մարտունիից չէին հեռանում`օրինակ վերցնելով Նելլիից. «Մարդիկ ասում էին` եթե Նելլին էստեղ է, մենք էլ ենք մնում»:
Մի առավոտ Նելլիենց դուռը թակում են եւ փորձում ստիպել հեռանալ գյուղից, Նելլին կրկին հրաժարվում է:
«Իրենց ասացի` մինչեւ թուրքն իմ դուռը չհասնի, էստեղից գնացողը չեմ: Հաջորդ օրն իմացանք, որ քաղաքի մոտ հասած թուրքերին հետ է շպրտել մի երիտասարդ»,- ասում է տիկին Նելլին:
Տիկին Նելլին վստահ է՝ ադրբեջանցին ռիսկ չէր անի իրենց քաղաք մտնել. «Կողք կողքի ապրել ենք եւ ես շատ լավ գիտեմ, որ վախկոտ են»:
Քսաներկու տարի անց տիկին Նելլիի որդիները առաջին գծում են: Այսօր էլ տիկին Նելլին թոռների եւ հարսի հետ մնում է Մարտունիում եւ համոզված է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: