Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայտնաբերելով թշնամու կրակային հենակետերը, որտեղից անցել էին հարձակման, փոխհամագործակցելով հրետանու հետ՝ տրամադրել ենք հակառակորդի տեղակայման վայրերի տվյալները, որոնք այնուհետև վերածվել են թշնամու գերեզմանոցի:
Թշնամուն ստիպելով նահանջել՝ ՊԲ դիրքապահ վաշտն ավելի հարմար դիրք է զբաղեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ այդ մասին ասել է առաջնագծի հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատար, կապիտան Խաչիկ Ադամյանը՝ հավելելով, որ իրենց զինվորները մեծ տոկունություն ու քաջություն են դրսևորել այդ օրերին՝ հաստատակամ մնացել են հենակետերում և ամուր պահել սահմանի իրենց վստահված հատվածը:
Վաշտի հրամանատարի գոհունակություն է հայտնել իրենց միացած կամավորականներից, որոնց ներկայությունը սահմանն ավելի ամուր է դարձրել, և ժամկետային զինծառայողներն ու կամավորականները միմյանց թիկունք դարձած հայրենի երկրի անդորրն են ապահովում:
Վաշտի հրամանատարը ցույց է տվել իրենց նախկին հենակետը, որի անհարմար դիրքի պատճառով ապրիլյան ռազմական գործողությունների զոհ են ունեցել, որից հետո թշնամուն ստիպել են նահանջել , իսկ իրենք առաջ անցնելով ամրացել և ավելի հարմար դիրք են զբաղեցրել:
«Հենակետի տղաները մշտապես հետևում են թշնամու գործողություններին և հանգիստ վերահսկում իրենց վստահված տարածքը: Կցանկանայինք, որ պատերազմներ չլինեն: Ոչ մի հրամանատար չի ցանկանում, որ իր զինվորն ու զինակիցը զոհվեն, վիրավորվեն: Սակայն, եթե հարկ լինի կյանքի գնով ապահովելու ենք մեր երկրի ու ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասել է Խ. Ադամյանը:
Վաշտին միացած կամավորականները ևս վստահեցրել են, որ հայրենիքի սահմաններն ամուր են, և էլ ավելի քան եղել է մինչև ապրիլյան քառօրյա պատերազմի սկիզբը: Նրանք նշել են, որ ամրացման ու ինժեներական նոր աշխատանքներն ու տեխնիկական համալրումները թույլ են տալիս, որպեսզի անհրաժեշտության պահին թշնամուն ջախջախել հենց ելման դիրքերում: