ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դեմոկրատների շարքում նախագահական նախնական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Օբաման շնորհավորել է Քլինթոնին ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններում հաղթանակի առիթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Նախագահը զանգահարել է Քլինթոնին ու Սանդերսին։ Նա շնորհավորել է երկու հավակնորդներին ոգեշունչ քարոզարշավների անցկացման համար, որոնք էներգիա են հաղորդել Դեմոկրատական կուսակցությանը, քաղաքական գործընթացում ներգրավել ամերիկացիների նոր սերնդի և լույս սփռել կարևոր գաղափարների վրա՝ ուղղված այն բանին, որպեսզի մեր տնտեսությունն ու քաղաքականությունը աշխատեն բոլորի համար, ոչ միայն հարուստների»,- նշել է Էռնեստը։
Նրա խոսքով՝ Օբաման շնորհավորել է Քլինթոնին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրման համար անհրաժեշտ թվով պատվիրակների աջակցություն ստանալու առիթով։ Ինչպես նշվում է՝ «նրա պատմական արշավը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց»։
Ընդգծվում է նաև, որ սենատոր Սանդերսի խնդրանքով նախագահը նրա հետ կհանդիպի Սպիտակ տանը հինգշաբթի։ Նշվում է, որ «նրանք կշարունակեն քննարկումն էական հարցերի շուրջ, որոնք կարևոր են ամերիկացիների մեծամասնության համար»։