Մոսկվան ցանկանում է, որ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորվեն, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել է տվել, որ Թուրքիայի կողմից առանց մի շարք գործողություններ կատարելու դա անհնար է: Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնա
Ռուսաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Դմիտրի Պեսկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Russia Today-ը:
«Անշուշտ, մենք կցանկանայինք և ցանկանում ենք մեր հարաբերությունների կարգավորում և կցանկանայինք վերադառնալ բարի փոխշահավետ համագործակցության ժամանակաշրջանին: Բայց, միևնույն ժամանակ, նախագահ Պուտինը բավականաչափ հստակ հասկացրել է, որ տեղի ունեցածից հետո Անկարայի կողմից առանց անհրաժեշտ գործողությունների կատարման ռուսական կողմի համար հարաբերությունների որևէ կարգավորում հնարավոր չէ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Էրդողանի խոսքերը:
Հիշեցնենք, որ Պուտինը վերջերս հայտարարել էր, որ Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում թուրքական օդուժի կողմից խփված ռուսական ռմբակոծիչի համար, որը մասնակցում էր Սիրիայում մարտական գործողություններին:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի աշնանից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում արգելելով մի շարք ապրանքների ներմուծումն ու ռուս զբոսաշրջիկների մեկնումը Թուրքիա։