Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են ձախողված հեղաշրջման փորձից հետո:
Թուրքիայի վարչապետն աշխատանքից հեռացրել է իր աշխատակազմի 257 անդամներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ աշխատակիցներից առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքը:
Գործակալությունը հաղորդում է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 աշխատակիցներ:
Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Հուլիսի 15-ի երեկոյան զինվորականների խումբը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից: