Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շինծու է որակում «հող՝ կարգավիճակի դիմաց» թեմայով խոսակցությունները և նշում , որ նման խոսակցություններ միշտ էլ եղել են:
Հողերի հանձնման խոսակցությունները շինծու են. ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բայց մեզ հաջողվել է այն համաժողովրդական իմաստության շնորհիվ միշտ էլ գտնել այն ճիշտ հնարավորությունները, հայտնում է Թերթ.ամ-ը:
Ես կարծում եմ` այս պահին այս խոսակցությունները շինծու են, արհեստական, նետված են, որպեսզի հասարակությունը տատանումների մեջ լինի: Եվ այս իմաստով, կարծում եմ, Արցախի ժողովուրդը շատ ամուր է տրամադրված և շատ ամուր կանգնած է իր հողի վրա»,- այս մասին այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նշենք, որ Աշոտ Ղուլյանն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` հարգանքի տուրք մատուցելու Արցախի անկախության համար զոհվածների հիշատակին:
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ «հող կարգավիճակի դիմաց» տարբերակն ընդունելի չէ արցախահայության համար, Արցախի խորհրդարանի նախագահն ասաց, որ դա ժողովրդի որոշելիքն է: Նա ընդգծեց, թե չի կարծում, որ այստեղ որևէ մեկն ինչ-որ բան կարող է որոշել առանձին:
Անդրադառնալով օրվա թեմային, որ այսօր Արցախի անկախության քառորդ դարն է, և, հետևաբար, ի՞նչ ձեռքբերումների մասին կարելի է խոսել, Արցախի խորհրդարանի խոսնակն ասաց.«Ժողովրդական այս տոնը և այն տոնական տրամադրությունը, որ նկատվում է Ստեփանակերտում և Արցախի ողջ տարածքում, արդեն իսկ վկայությունն է, որ Արցախի ժողովուրդը շատ ճիշտ է գնահատում իր քառորդարյա ճանապարհը, և վստահ եմ, որ այդ ճանապարհին ամենակարևորը պետականությունն է` իր բոլոր ատրիբուտներով»:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին` Աշոտ Ղուլյանը փոխանցեց իր տպավորությունը, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց չկա` ասելով. «Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ: Թերևս, այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և ես կարծում եմ, որ կողմերը, թերևս ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված», - հայտարարեց Աշոտ Ղուլյանը:
Անդրադառնալով ԼՂ Սահմանադրությանը, ապա Արցախի խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ կիսանախագահականից նախատեսված է անցում կատարել նախագահական համակարգին: