Վերլուծելով ապրիլյան գործողությունները՝ մենք ենթադրում ենք տեխնիկական միջոցներով ավելի հագեցված, հնարավորություններով ավելի բարձր զինվոր եւ ստորաբաժանում ունենալը, ինչպես նաեւ՝ համապատասխան ապահովման միջոցառումների իրականացումը:
Մենք ունենք միջոցներ, որ կարող ենք անակնկալի բերել հակառակորդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Նրա խոսքով, ապրիլյան գործողություններից հետո ահռելի աշխատանք է իրականացվել. «Հիմնական մեր ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես էլ զորամասերի եւ ստորաբաժանումների ղեկավարման գործում»:
Հարցին, թե առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված գիշերային դիտարկման սարքերը տեղական արտադրությա՞ն են, թե՞ այլ երկրների արտադրության, Մնացականյանը պատասխանել է. «Չասենք թե որտեղի արտադրություն են, բայց մեր բոլոր աշխատանքներն ուղղված են, որպեսզի լինի տեղական արտադրանք, հետագայում եւ՛ կիրառման, եւ՛ շահագործման առումով, եւ՛ վերանորոգման ու, ամենակարեւորը, գաղտնիության պահպանման առումով, մենք շեշտը դնում ենք տեղական արտադրանքի վրա»:
Հարցին, թե եթե նոր հարձակում լինի, մեր բանակը՝ ԼՂՀ ՊԲ-ն, որքանո՞վ է պատրաստ դիմակայելու, ԼՂՀ ՊՆ հրամանատարը պատասխանել է. «Ապրիլյան պատերազմում ՊՆ-ն կատարել է իր առջեւ դրված խնդիրները: Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսեն՝ ՊՆ-ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջեւ: Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից, ես նշեցի, որ կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից»:
Ինչ վերաբերում է բավարար զնատեսակներ ունենալուն, Լեւոն Մնացականյանն ընդգծել է. «Մենք ունեցել ենք եւ շարունակում ենք ձեռք բերել նոր զինատեսակներ, ապրիլյան գործողություններից հետո նորովի բացահայտեցինք եւ գնահատեցինք մեր ռազմարդյունաբերության ներուժը, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում»:
Հարցին, թե վերջին շրջանում շարժեր նկատվո՞ւմ են սահմանագծում, զինատեսակների կուտակումներ, դիվերսիոն խմբեր, լեւոն Մնացականյանը պատասխանել է. «Եթե համեմատելու լինենք նախքան ապրիլյան գործողությունները եւ դրանից հետո դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններ, ներթափանցման փորձեր, զինատեսակների կիրառումներ, իհարկե, այժմ ծավալներով անհամեմատ քիչ է, այժմ հիմնականում կիրառվում են դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի հրացաններ եւ հրաձգային զենքեր, բայց զուգահեռ իրականացվում են այլ բնույթի միջոցառումներ, որոնք թույլ են տալիս տվյալ եզրակացությունն անել: Այս վերջին մի քանի ամսվա ընթացքում անց են կացվել օպերատիվ մարտավարական զորավարժություններ հարձակողական թեմատիկայով, անց են կացվում գումարտակային զորավարժություններ հարձակողական թեմատիկայով, առաջնագծում անց են կացվում մարզումներ՝ հրաձգային ստորաբաանումների, տանկային ստորաբաժանումների: Ոչ միայն դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի արդյունքում մենք պետք է գնահատական տանք, դա նաեւ մնացած միջոցառումների մասով է, որոնցով աշխատում են շեղել աշխարհի հասարակությանը, ներկայացնելով, որ չեն պատրաստվում հարձակվել, այլ հարձակվում է հայաստանյան, ղարաբաղյան հատվածը: Անկախ այդ մարզումներից՝ մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի հարձակողական գործողութուններին, ուստի մենք ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չենք դադարում դրան պատրաստվել, համարժեք պատասխան տալ: Այսօր այդպիսի կուտակումներ չկան: Մենք ուշադիր հետեւում ենք իրենց տեղաշարժերին»: