ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների եւ զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման եւ կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում:
Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակված նոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան զինված ուժերում նվազագույնի հասցնել ինքնասպանությունների թիվը:
Զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանական գերատեսչության, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանգամանալից ներկայացրել է ինքնասպանության քրիստոնեական ընկալումը: Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվել նաեւ զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի եւ պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաեւ զինծառայողների հոգեհուզական վիճակի կայունացմանը նպաստող գործոնների վիճակագրություն: Հնչել են նաեւ մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է իր նկատառումները: