Հալեպահայերի օգնության հարցը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի օրակարգի առանցքում է:
Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հալեպահայերին օգնելու քայլեր է ձեռնարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ»,-ասել է Պետո Դեմիրճյանը:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նման փորձ ունի: Նախկինում, օրինակ, Բելգիայի ԱԳՆ-ի միջոցով են օգնություն հասցրել Սիրիայի եւ Իրաքի հայությանը: Դրանից բացի, պատվիրակություններ են ուղարկվել այդ երկրներ` տեղում իրավիճակին ծանոթանալու:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն տեղեկացրեց, որ քննարկվում է առաջիկայում ևս Լիբանան և Սիրիա պատվիրակություն ուղարկելու հարցը: Նախատեսվում է, որ պատվիրակության մեջ կընդգրկվեն ներկայացուցիչներ հանձնախմբից և պատգամավորներ Բելգիայի խորհրդարանից:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող բնակարաններից մեկի վրա, ինչի հետևանքով հայ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն: Այն հասցվել է Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին, որն էլ այդ օգնությունը կտրամադրի բոլոր կարիքավոր ընտանիքներին` անկախ նրանց ազգային պատկանելիությունից: