Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունը հետաձգվել է ու կկայանա նոյեմբերի 14-ին:
Ասանժի հարցաքննությունը հետաձգվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ փոփոխությունն արվել է Ասանժի ցանկությամբ:
«Նա Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանի միջոցով գրել է համապատասխան հարցում, որում ներկայացրել է իր պատճառաբանությունները՝ կապված հարցաքննության ընթացքում իր պաշտպանության երաշխիքների հետ», — նշվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում:
Աղբյուրը հավելում է, որ շվեդ քննիչները պատրաստվում են Ասանժին հարցաքննել Էկվադորի դեսպանատան շենքում, որից դուրս գալու դեպքում նրան անմիջապես կձերբակալեն:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 19-ին Ասանժն ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական առաքելությունից՝ խուսափելու համար Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական հանցագործությունների համար: Ասանժը հերքում է մեղադրանքները: Նա մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան տևական ազատազրկման ժամկետ է սպառնում Պետդեպի գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման համար: