Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն անկասկած զարգանում է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների շրջանակներում, այլև՝ ՀԱՊԿ-ի:
ՀԱՊԿ խորհրդի վաղվա նիստում հայտնի կդառնա, թե հայերից ով կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային. Իվան Վոլինկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Համագործակցությունը բոլոր ուղղություններով է զարգանում: Ռուսաստան են գալիս Հայաստանից պատվիրակություններ և հակառակը, որովհետև դա ռազմական ոլորտում կարևոր իրադարձություն է: Հայաստանում է անցնելու ՀԱՊԿ նախագահների համաժողովը: Սա ևս կարևոր է նոր հեռանկարների բացման համար: Իսկ Երևանում ընթացող ժամանակակից սպառազինության ցուցահանդեսը, իմ կարծիքով, նոր թափ կհաղորդի ՀՀ տնտեսության զարգացման համար, որովհետև ռազմարդյունաբերությունն առանցքային է նման պետությունների համար»,- նշեց Իվան Վոլինկինը:
ՀՀ-ում, ՌԴ դեսպանի խոսքով, իրենք չեն բավարարվում եղած ձեռքբերումներով, ուստի սպասվում է համագործակցություն նոր ուղղություններով: «Որևէ համագործակցություն տեղում չի դոփում: Իհարկե, կլինեն նորություններ»,- չբացելով փակագծերն ասաց Վոլինկինը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը Երևանում, ապա Իվան Վոլինկինը նշեց, որ ակնկալիքներն այս միջոցառումից մեծ են: «Կա անհրաժեշտություն ամեն տարի հանդիպելու, նոր ուղղություններ նախանշելու: Օրակարգում ընդգրկված կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը (նորանշանակ քարտուղարը, որը կփոխարինի գործող քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ըստ կանոնակարգի պետք է լինի հայազգի ներկայացուցիչ,-խմբագրական)»,- նշեց դեսպանը:
Հարցին՝ հայտնի՞ է անունը, նա պատասխանեց, որ դեռ չի կարող բացել փակագծերը, հորդորելով սպասել հայտարարությանը։ Ի դեպ, մամուլում շրջանառվում են Սեյրան Օհանյանի, Վաղարշակ Հարությունյանի, Մովսես Հակոբյանի անունները։