Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, նրա հայտարարություններն անտեղի են. Էդուարդ Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, հայտնում է Թերթ.ամ-ը:
«Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում:
«Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էր հետապնդում, ոչ միայն կազմակերպում էր ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հոգևոր մշակութային հուշարձանների՝ համաշխարհային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիներն անգամ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել»,- ընդգծեց նա:
Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և կայացնի իր որոշումը: Նա վստահություն հայտնեց, որ նոր հանրաքվեի դեպքում Արցախի բնակչությունը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել է 1991թ.: «Ես կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե, դա է ճիշտը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, որ ցանկանա Ալիևը, թե ոչ, աշխարհը հիմա գնում է ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով, իսկ գետի հունին հակառակ գնալն անհնար է: «Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է: Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում կարող է ժողովրդավարական դասեր տալ Սուլթանական Ադրբեջանին: Արցախի հարցում մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին՝ ինչո՞ւ չի կայանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, Շարմազանովը պատասխանեց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է: «Երկու օր առաջ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դուք կարո՞ղ եք ասել, որ ադրբեջանական կողմը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին ընդառաջ որևէ գործնական քայլ է կատարել: Խնդիրն ադրբեջանցիների մեջ է: Եթե ադրբեջանցիները փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա նրանք տվայտանքների և ինքնախաբեության մեջ են: Փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի դիմաց, կորոշի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը»,- ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, Շարմազանովը պատասխանեց. «Եթե պարոն Ալիևը դա չի բացառում, իսկ քաղաքականությունն էլ հնարավորի արվեստ է, ինքը չպետք է բացառի նաև Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը»: