Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամներին՝ շարունակելով խորհրդարանական խմբակցությունների հետ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի քննարկման նպատակով իրականացվող հանդիպումների շարքը:
Արայիկ Հարությունյանը «Ժողովրդավարություն» խմբակցության հետ քննարկել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի սկզբունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հիմնական սկզբունքները և ուղղությունները:
Արայիկ Հարությունյանը տնտեսության զարգացման մեջ գյուղատնտեսության ոլորտին հատուկ ուշադրություն դարձնելու պատճառը պայմանավորել է հանրապետությունում այդ բնագավառի հեռանկարային զարգացման մեծ նախադրյալների առկայությամբ:
Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ ցայսօր գյուղատնտեսության բնագավառում զգալի ծրագրեր են իրագործվել, որոնք տեսանելի արդյունքներ են տվել՝ բազմապատկելով ոլորտի համախառն ներքին արդյունքը և որոշակիորեն նպաստելով բնակչության բարեկեցության մակարդակի բարելավմանը: Սակայն, մյուս կողմից, տարիների ընթացքում, ինտենսիվ ու էքստենսիվ զարգացմանը զուգահեռ, վեր են հանվել մի շարք կարևոր խնդիրներ, որոնց լուծմանն է միտված մշակվող փաստաթուղթը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նոր մոտեցումներն Արցախի գյուղատնտեսության զարգացման հաջորդ փուլի հիմքերը կդնեն, որտեղ հիմնարար դերակատարում կունենան գիտական մեթոդները և արդի տեխնոլոգիաները:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը և խմբակցության մյուս անդամները հարցեր են ուղղել վարչապետին և հանդես եկել առաջարկություններով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ այդ և այլ կարևոր թեմաների շուրջ: