Հիմնադրամի գլխավոր նպատակը մարդկանց Հայրենիքում պահելը եւ սեփական հողի հանդեպ հոգածության ու կապվածության զգացողություն առաջացնելն է:
Ամերիկայի հայկական հիմնադրամի գլխավոր նպատակը մարդկանց Հայրենիքում պահելն է. Քերոլին մուգար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ամերիկայի hայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարը:
Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց այն միջոցառումների համար, որ Ամերիկայի hայկական համագումարն իրականացնում է դրսում՝ պաշտպանելով Հայաստանի եւ Արցախի խնդիրները: Նա մասնավորապես նշեց. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ ծառատունկի ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար: Շատ հետաքրքիր ծրագիր է, եւ կարծում եմ, որ պետք է շարունակական լինի»:
Նախարարն արժեւորեց Ամերիկայի hայկական համագումարի ակտիվ լոբբիստական գործունեությունը: Քննարկվեցին հայության միջազգային դիրքերի ամրապնդման, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու կարեւոր ոլորները, տուրիզմի, հյուրանոցային բիզնեսի զարգացման հեռանկարները:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության եւ բարձր գնահատանքի համար եւ ներկայացրին ԱՄՆ-ում Համագումարի քարոզչական աշխատանքը՝ հանդիպումները Վարչակազմի, կոնգրեսականների, տեղական կառավարման մարմիների հետ, համագործակցությունը հայկական եւ ոչ-հայկական ԶԼՄ-ների հետ, ինչպես նաեւ՝ Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, որոնցից վերջինը՝ «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի (Հայաստան ծառատունկ ծրագիր) կոմից Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղական համայնքում բացված տնկարանն է:
Քերոլին Մուգարը շեշտեց, որ «Հիմնադրամի գլխավոր նպատակը մարդկանց Հայրենիքում պահելը եւ սեփական հողի հանդեպ հոգածության ու կապվածության զգացողություն առաջացնելն է»: Էնթոնի Բարսամյանը վստահեցրեց՝ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու՝ ընդգծելով, որ Վայոց Ձորի մարզն են ընտրել՝ գեղեցիկ բնությունը եւ արգասաբեր հողը հաշվի առնելով. «Եկել ենք միասին աշխատելու, որպեսզի բարելավենք բնակիչների կյանքն ու թեթեւացնենք նրանց առօրյա հոգսերը»:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության եւ կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները: