Արցախի մի շարք համայնքների հանձնվել են «ՈւԱԶ» մակնիշի մեքենաներ:
Արցախի մի շարք համայնքների «ՈւԱԶ» մակնիշի մեքենաներ են տրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ մեքենաները գնվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության անմիջական աջակցությամբ:
«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ համայնքների տնտեսական կյանքը աշխուժացնելու, արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այդ համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս նախկին նախարար Արծվիկ Մինասյանի օրոք: Ըստ պայմանավորվածության ձեռք պիտի բերեինք «ՈւԱԶ» մակնիշի 13 մեքենա և հատկացնեինք այն համայնքներին, որոնք դրանց կարիքն ունեն: Հաշվի առնելով ճանապարհների անանցանելիությունը` գնվել են այնպիսի մեքենաներ, որոնք կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխելու համար»,- ասել է Ա. Խաչատրյանը և հավելել, որ ամենագնաց «ՈւԱԶ» մակնիշի մեքենաները տրամադրվել են Հադրութի շրջանի Ազոխ, Մարիամաձոր, Մարտունու շրջանի Աշան, Նոր Շեն, Ասկերանի շրջանի Դահրավ, Խրամորթ, Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան, Նոր Մարաղա, Քաշաթաղի շրջանի Ղազարապատ, Գանձա, Վաղազն, Երիցվանք համայնքներին:
«Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվել է հուշագիր, ինչը վերաբերելու է մեր երկու գերատեսչությունների շատ ակտիվ և ինտենսիվ համագործակցությանը: Այս համագործակցությունը թույլ կտա, որ զգալի աճ գրանցենք թե' ԼՂՀ-ում և թե' ՀՀ-ում: Մեր համագործակցության հիմքում դրված է մեկ հիմնական սկզբունք. միահամուռ ուժերով, միասնական ջանքերով միասին լուծել բոլոր խնդիրները: Եվ, տարակույս չունեմ, որ կարճ ժամանակում մենք շատ լուրջ արդյունքների ենք հասնելու»,- մեքենաների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նոր Մարաղա համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով «ՈւԱԶ» մակնիշի մեքենա ստանալու համար, մասնավորապես ասել է.
« Մեր գյուղը շրջկենտրոնից 15 կիլոմետր հեռու է: 528 բնակիչ ունեցող գյուղի համար այդ մեքենան, իրոք, մեծ նվեր է: Մենք նախկինում ունեինք շտապօգնության մեքենա: Ստացված այս մեքենան շատ առումներով է հեշտացնելու մեր կյանքը»: