Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ակադեմիայում տեղի ունեցած ելույթի ընթացքում շտապել է շնորհավորել ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփին։
Թուրքիայի վարչապետը կոչ է արել Թրամփին արտահանձնել Գյուլենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հայտարարել է, որ եթե Թրամփն ապահովի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը Թուրքիային, ապա թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են «բավականին բարիդրացիական ընթացք ստանալ», հայտնում է Թերթ.ամ-ը:
Յըլդըրըմը նշել է, որ այդ քայլով Թրամփը կարող է թուրք-ամերիկյան երկարամյա բարեկամության նոր էջ բացել, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: