ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և հանձնաժողովի անդամներին:
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացումը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը:
Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ունեն բազմադարյա և հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների ռազմավարական փոխգործակցության համար:
Արժևորելով միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հարցում նշանակալի ավանդ ունի Միջխորհրդարանական հանձնաժողովը, որն իր հերթին արդյունավետ համակարգում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի փոխհարաբերությունները:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը:
Գալուստ Սահակյանն ու Նիկոլայ Ռիժկովը համոզմունք են հայտնել, որ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ և կհամապատասխանեն այն դաշնակցային փոխգործակցությանը, որը գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հասարակական և քաղաքական կյանքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վոլոդյա Բադալյանին, ով երկար տարիներ նշված հանձնաժողովում արդյունավետ աշխատում է: