Արգենտինայի հայ համայնքը հայտարարություն է հրապարակել, որն ստորագրել են երկրում գործող բոլոր հայկական ինստիտուտները և որում հայտնել են իրենց «խոր մտահոգությունը և դատապարտումը Թուրքիայում ընդդիմադիր առաջնորդների և մամուլի նկատմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիիմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների առթիվ»:
Արգենտինահայ համայնքը կոչ է արել Արգենտինայի կառավարությանը դատապարտել խոսքի ազատության ճնշումները Թուրքիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia գործակալությունը, հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հայտարարությամբ կոչ են արել Արգենտինայի կառավարությանը «աջակցել միջազգային ինստիտուտների դատապարտումներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Եվրամիությունը, և դեմ դուրս գալ հետապնդումներին և ճնշումներին, որոնց ենթարկվում է խոսքի ազատությունը` խուսափելու երկրում ավտորիտար իշխանության հաստատումից, որի աղետալի հետևանքները ցույց է տվել պատմությունը ոչ վաղ անցյալում»:
«Այս իրավիճակը երկրում տիրում է հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո: Իսկ անցյալ շաբաթ ձերբակալվել են Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության 12 ներկայացուցիչ, Դիարբեքիրի երկու քաղաքապետ և Cumhuriyet ընդդիմադիր թերթի 9 լրագրող», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ շարունակական ձերբակալությունների ֆոնին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր և ԺԴԿ-ի անդամ Կարո Փայլանը այսօր Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը համեմատել է 1915-ի ապրիլի 24-ի իրադարձությունների հետ: