Վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Ուսանողների միջազգային օրվա առթիվ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ ուղերձում մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ ուսանողներ,
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Իհարկե, սա զուտ խորհրդանշական օր է, քանի որ, իմ համոզմամբ, ուսանողական տարիների յուրաքանչյուր օր կարող ենք տոն համարել:
Մաղթում եմ, որ ձեր համալսարանական տարիները լավագույնս օգտագործեք գիտելիքներ ու հմտություններ ամբարելու նպատակով, որպեսզի կարողանաք արդյունավետորեն հարթել ձեր կյանքի հետագա արահետները՝ թե՛ ինքներդ ձեզ և թե՛ մեր հասարակության համար:
Անժխտելի է, որ դուք եք մեր հայրենիքի ապագայի հենասյուները. ուստի, կցանկանայի, որ այդ ապագան լիներ հուսալի և լուսավոր ձեռքերում՝ կերտված ազգային ու համամարդկային արժեքների և արդյունավետ կրթության հիման վրա: Այդ ճանապարհին, մենք՝ ավագ սերունդը և հանրապետության կառավարությունը, պատրաստ ենք առավելագույնս սատար կանգնել ձեր կայացման ընթացքին:
Ամենայն բարին և լուսավորը ձեզ, սիրելի՛ ուսանողներ»: