ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ:
ՄԻՊ-ը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարին է ներկայացրել ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած վայրագությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը:
Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում:
Պաշտպանը հանդիպել է նաև Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքին:
Հանդիպման ընթացքում շեշտադրվել են ինչպես համատեղ ծրագրերի և համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը:
Բացի դրանից՝ Պաշտպանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա: