«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հատուցման խնդրի բարձրաձայնման ուշացումը պայմանավորված էր քաղաքական պատճառներով:
Միանշանակ պետք է բարձրացվի տարածքների վերադարձի խնդիրը․ Արա Պապյանը Հայոց ցեղասպանության հատուցման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մինչև 1991 թվականը հնարավոր չէր, չկար անկախ Հայաստան, իսկ դա պետականության խնդիր է, 1991 թվականից հետո մեր պետությունն առավելաբար զբաղված էր այլ լուրջ խնդիրներով, նաև քաղաքական դիրքորոշումն այլ էր, ցավոք սրտի, առ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կամ Հայաստանի քաղաքացիների, որոնց նախնիները Ցեղասպանության են ենթարկվել և ունեզրկվել են, մարդկանց իրավունքների պաշտպանման հարցը, չի հանդիսանում Հանրապետության խնդիրներից մեկը»,- Tert.am-ի հետ զրույցում նա ասաց:
Նա հիշեցրեց, որ բազմաթիվ փորձեր արվեցին, որպեսզի առանց նախապայմանների, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: «Բայց այդ նախապայմաններ հաստատողը Թուրքիան է»,- ասաց նա՝ նշելով, թե քանի որ նախորդ քաղաքականության անարդյունավետ լինելն ապացուցվեց, ժամանակն է՝ ստիպել Թուրքիային ավելի լավացնելու հարաբերությունները մեզ հետ։
Արա Պապյանը համաձայնեց դիտարկման հետ, թե Թուրքիայի համար Ցեղասպանության խնդիրը առաջնային չէ, նշեց, որ նրան դա պետք էլ չէ․ «Այն առաջնային է մեզ համար, միջազգային հանրության համար առաջնային կարող է համարվել, եթե մենք հետևողական լինենք և աշխատանք տանենք: Միջազգային հանրությունը ևս չէր ընդունում ցեղասպանության հարցը, չէր քննարկում այդ հարցը, հիմա գիտական և հասարակական շրջանների համար Ցեղասպանությունն անվիճելի փաստ է, պիտի հասկանանք, որ ցեղասպանությունը հանցագործություն է, իսկ հանցագործությունը միայն ճանաչումով չի ավարտվում, հանցագործությունը պիտի պատժվի և տուժողը պետք է հատուցումներ ստանա»,- ասաց նա:
Արա Պապյանը նշեց, որ հատուցումը պետք է լինի բոլոր մակարդակների վրա, բոլոր դրսևորումներով: «Այսինքն՝ անհատական մակարդակի վրա, ընտանիքներ են տուժել, պիտի հատուցում ստանան՝ եկեղեցիներն են, այլ օջախներն են․․․ Հայաստան պետությունն է տուժել: Հայաստանը կորցրել է իր դե յուրե տարածքից առնվազն 130 000 քառակուսի կիլոմետր, բնականաբար պետք է այդ հարցը բարձրացնենք,- նշեց նա՝ ընդգծելով, որ միանշանակ պետք է բարձրացվի տարածքների վերադարձի խնդիրը,-Ինքնախաբեություն է մտածել, որ նման հարված ստացած պետությունը, առանց ապաքինելու իր վերքերը, կարող է գոյատևել»:
Տարածքների վերադարձով է Արա Պապյանը պայմանավորում նաև Հայաստանի տնտեսական զարգացումը: «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ այս պետությունը անկախության տարիներին գնալով մարդաթափվում է, և դա ոչ միայն վատ կառավարման պատճառով, այլ իր տնտեսական հիմքի փոքրության պատճառով է»,- ասաց նա:
Հիմա դեռ նոր-նոր, ըստ Արա Պապյանի, առաջին ակադեմիական քայլերն ենք անում Թուրքիային՝ Ցեղասպանության համար հատուցման գործընթացն սկսելու ուղղությամբ: «Դեռևս չկան լուրջ ուսումնասիրություններ, դեռ նոր-նոր քայլեր են: Պետք է ունենանք փաստաթղթերի ժողովածուներ, տեսակետներ, քննարկումներ, հասարակական կարծիքի ձևավորում և այլն»,- ասաց նա: