Լեռնային Ղարաբաղում գիշերը քանակական առումով ավելի շատ կրակոցներ են եղել, սակայն , իրավիճակի կտրուկ փոփոխություն չկա։
Քանակական առումով մի քիչ ավելի շատ են կրակել, բայց ասել, որ իրավիճակն արմատապես փոխվել է, նման բան չկա. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում սահմանային ներկա վիճակն այսպես գնահատեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Մի քիչ ավելի շատ են կրակել, բայց ասել, որ իրավիճակն արմատապես փոխվել է, նման բան չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ լարվածության ու ադրբեջանցիների սադրանքների լրացուցիչ գործոն կարող է լինել այն, որ առջևում Նոր տարին է:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում երեկ «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը հաստատել էր տեղեկությունը, որ Արցախում վիրավորված 19-ամյա և 24-ամյա զինծառայողներ են տեղափոխվել հոսպիտալ։ Նա նաև նշել էր, որ նրանց վիճակը կայուն ծանր է։ Քաջիկ Բադալյանը որովայնի թափանցող վիրավորում էր ստացել , ինչպես նաև աջ ազդրի միջին երրորդականի գնդակային բեկորային վիրավորում:
Tert.am-ի հարցին, թե ինչու ԼՂՀ ՊԲ-ն չէր հաղորդում վիրավորների առկայության մասին ողջ օրվա ընթացքում, քանի դեռ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լուրեր էին շրջանառվում այդ մասին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հիմա, գիտեք ոնց է, բանակը և, առհասարակ, մյուս կառույցներն ունեն իրենց քաղաքականությունը: Եվ պետք է ամեն բան ճշգրտված լինի, որպեսզի տրամադրվի ինֆորմացիա: Հո ՊԲ լրատվական ծառայությունը ֆեյսբուքյան էջ չի՞, որ սենսացիայի հետևից ընկած` ինչ ասես դնի»։