ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը արձագանքել է ադրբեջանական APA լրատվական գործակալության տարածած Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այն հայտարարությանը, որ Արցախի Հանրապետությունում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ իրականացված դատական պատժամիջոցներն, իբր թե ըստ ԿԽՄԿ-ի, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին:
Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության խիստ անհաջող դրսևորում է. Արցախի օմբուդսմեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, երեկ՝ դեկտեմբերի 10-ին, հանդես է եկել հայտարարությամբ.
«Դեկտեմբերի 9-ին, ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տարածել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունն Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Արցախում պատիժ կրող Ադրբեջանի Հանրապետության երկու քաղաքացիների վերաբերյալ։ Մասնավորապես, Ադրբեջանի օմբուդսմենի պնդմամբ, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարը նրա հետ զրույցում նշել է, որ այդ անձանց՝ «անօրինական դատարանի կողմից դատապարտումը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին և հակասում է դրանց»։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության խիստ անհաջող դրսևորում է: Ավելին, նման հայտարարությունն անհարիր է ցանկացած օմբուդսմենի։ Նշված հայտարարությունն առաջացրել է ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ արձագանքման անհրաժեշտություն, քանի որ այն առաջին հերթին վնասում է ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոքության և անկողմնակալության բացարձակ սկզբունքներով առաջնորդվող բացառիկ միջազգային կառույցի հեղինակությանը և հանրային ընկալմանը։
Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության իրավասու պետական մարմիններին կոչ եմ անում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ հետագա հարաբերությունները չպայմանավորել Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությամբ և դրա հետևանքներով՝ հաշվի առնելով մարդասիրական ոլորտում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հատուկ առաքելությունը»,- ասված է Ռուբեն Մելիքյանի հայտարարության մեջ։