Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը ՀՀ բանկային համակարգին 2017 թվականի համար շնորհել է «կայուն» կանխատեսում:
Fitch-ը 2017թ. ՀՀ բանկերի համար կայուն հեռանկար է կանխատեսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասված է Fitch-ի «2017 թ. հեռանկար՝ ԱՊՀ և վրացական բանկեր» («2017 Outlook: CIS and Georgian Banks») զեկույցում:
Ինչպես նշվում է գործակալության մամուլի հաղորդագրությունում, գործակալությունը 2017 թվականին կայուն կանխատեսում է անում Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանկային համակարգերի համար և նշում, որ այդ երկրներում չեն սպասվում բանկերի ֆինանսական ցուցանիշների հետագա զգալի թուլացումներ:
Նշվում է, որ Ռուսաստանի բանկային ոլորտի վերաբերյալ կանխատեսումն արտահայտում է ընդհանուր առմամբ ռուսական տնտեսությունում և առհասարակ ռուբլու կայունացում:
Միևնույն ժամանակ բացասական են մնում կանխատեսումները Ադրբեջանի, Բելառուսի և Ղազախստանի բանկային ոլորտների համար: Նշվում է, որ այս երկրները ազգային փոխարժեքի կտրուկ արժեզրկում են ունեցել, մինչդեռ կարգավորիչները դեռ պետք է ամբողջությամբ գնահատեն ակտիվների ռիսկերը և խթանեն ռեկապիտալիզացիան:
Վրաստանի և Ուզբեկստանի բանկային ոլորտների համար կանխատեսումները կայուն են մնում: