Թուրքական ոստիկանությունը 568 մարդու է ձերբակալել Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու կասկածանքով, հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կայքը:
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչությունից հետո 568 մարդ է ձերբակալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գործողությունը սկսվել է դեկտեմբերի 12-13-ը երկրի 28 նահանգներում՝ այդ թվում Անկարայում, Ստամբուլում, Գազիանթեփում, Իզմիրում, Անթալիայում, Դիարբեքիրում։ Ձերբակալվածներին մեղադրում են սոցցանցերի միջոցով ահաբեկչություն քարոզելու ու ահաբեկչական կազմակերպություններին աջակցող գործունեություն ծավալելու մեջ։
Երկուշաբթի թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Ազգերի ժողովրդավարություն քրդամետ կուսակցության 118 ակտիվիստներին ձերբակալելու գործողության մասին, որը Ստամբուլում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրականացվել է թուրքական մի քանի նահանգներում ։
Ստամբուլի կենտրոնում ֆուտբոլի մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ին երկու հզոր պայթյուն է որոտացել, զոհվել է 44 մարդ, այդ թվում 38 ոստիկան։ Իշխանությունները ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրել են Քրդական բանվորական կուսակցությանը։ Ահաբեկչության համար նաեւ պատասխանատվություն է ստանձնել «Քուրդիստանի ազատության բազեներ» արմատական քրդական խմբավորումը։