Կառավարության որոշմամբ Լոռու մարզում գտնվող ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունն ընդգրկվեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և տրվեց պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:
Միքայել Արամյանցի տունն ընդգրկվեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մասնավորապես, նշեց. «Արամյանցի տունը նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Լոռու մարզի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար»:
Ներկայում այդ օբյեկտը ներառված չէ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները. իրավիճակ, որը կարող է պատճառ դառնալ նորահայտ հուշարձանի պատմական, ճարտարապետական արժեքի խաթարման, պահպանվածության վիճակի վատթարացման, ոչնչացման:
Կառավարության նախորդ նիստերի մեկում վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել էր մի խումբ մտավորականների նամակին, որով նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի վերաբերյալ: