ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակության շրջանակում տեղի ունեցավ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-2019թթ. ռազմավարության ներկայացմանն ուղղված միջոցառում:
ԵՄ օժանդակությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացավ պետական պարտքի կառավարման գծով հերթական աջակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության կողմից կազմակերպված միջոցառման նպատակներից էր նաև ներկայացնել 2017 թվականի փոխառությունների ծրագրի և ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված բարեփոխումները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը ստանձնել է «Աջակցություն ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությանը» ծրագրի պաշտոնական մեկնարկի ներկայացումը, որը կշարունակի աջակցել պետական պարտքի շուկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված ՊՊԿՎ-ի ջանքերին:
Ողջույնի խոսքերից հետո ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդգծեց, որ 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության հիմքում նախանշված է պարտքի կայունության ապահովվումը, որը նաև կարևորվում է ընդհանուր մակրոտնտեսական կայունության կոնտեքստում, հետևաբար ՀՀ կառավարությունը սկսել է ցուցաբերել որոշակի զգուշավորություն պարտքային խնդիրների նկատմամբ:
«ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որով փորձելու է ավելի թափանցիկ և հրապարակային գործել նաև պարտքի դաշտում: Մյուս կողմից այն հնարավորություն կտա կառավարության ներկայացուցիչներին լինել ավելի զգոն և ուշադիր: ԵՄ-ի հետ ՊՊԿՎ-ն շուրջ մեկ տարի աշխատում է, որի հիմնական նպատակը պարտքի քաղաքականության արդյունավետության բարձրացումն է: Առավել ևս պարտքային խնդիրների սրման պարագայում մեծացել է էլ ավելի մեծ ջանքեր ներդնելու, նպատակային արդյունքների հասնելու և այս իրավիճակից դուրս գալու անհրաժեշտությունը: Ստանձնած այն ուղղությունները, որոնք կիրականացվեն, պետք է լինեն ավելի կոնկրետ, նպատակային և արդյունավետ»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ ՊՊԿՎ-ի շրջանակներում ԵՄ աջակցությամբ իրականացվող մյուս ուղղությունը ներքին շուկայի զարգացումն է: Դա ասելով, ըստ Հայրապետյանի, հասկանում ենք ոչ միայն ծավալային, այլ նաև որակյալ զարգացում, որը ժամանակի ընթացքում կլինի ավելի մրցունակ:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Հոա Բին Աջամյանը նշեց, որ իրենք պետական պարտքի կառավարման գծով 2 ուղղությամբ օժանդակություն են տրամադրում ՀՀ կառավարությանը և հավելեց, որ եթե պետական պարտքի կառավարումը բարելավվի, ապա առհասարակ կառավարման ոլորտը կկարգավորվի:
«Ծրագրի ֆինանսավորումը մոտավորապես կազմում է 200 հազար եվրո: Վերջին 4 տարիների ընթացքում ԵՄ-ն օժանդակություն է տրամադրել մոտ 200 մլն եվրոյի չափով: Այս տարի մենք նախատեսում ենք 17 մլն եվրո տրամադրել, որպես բյուջետային օժանդակություն: Մենք կարևորում ենք պետական պարտքի օժանդակությունը»,- ասաց Հոա Բին Աջամյանը` տեղեկացնելով, որ ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր օժանդակությունն ու գրանտները կազմում են 500 մլն եվրո:
ԵՄ ներկայացուցչի խոսքով` իրենք իրականացնում են տարբեր տեսակի մոնիթորինգներ և ունենում են քաղաքական երկխոսություններ: Նա ընդգծեց, որ գրանցվում է որոշակի առաջընթաց:
Հոա Բին Աջամյանի կարծիքով` ՀՀ կառավարությունն այս պահին շատ ճիշտ միջոցառումներ է կիրառում պետական պարտքի կառավարելիության ուղղությամբ:
ՊՊԿՎ-ի պետ Արշալույս Մարգարյանն ընդգծեց պարտքի կառավարման առաջնային կարևոր դերը և ներկայացրեց այն տեխնիկական բարեփոխումները, որոնք իր վարչությունը մտադիր է իրականացնել մոտ ապագայում` ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետությունը բարձրացնելու և ներքին պարտքի ընդհանուր ծախսերը նվազեցնելու նպատակով:
«Պետական պարտքի կառավարման օժանդակությունը եղել է խիստ առարկայական և մեր աշխատակազմի՝ աշխատանքի որակն ու արդյունավետությունը բավարարելու ձգտումը դրանում մեծ դեր է խաղացել»,-ասաց Արշալույս Մարգարյանը: