Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միությունում ռուսաստանաբնակ բարերար Նարինե Դավթյանի նախաձեռնությամբ կազմակերպված դրամահավաքի հանգանակություններով աջակցություն է տրվել զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին:
Զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվել է աջակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության կազմակերպիչներից Արթուր Առուշանյանն ասել է, որ աջակցությունը նախատեսված է 204 ընտանիքի համար:
«Առաջին անգամ գործընթացին ընդգրկվել է Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միությունը, բայց նախաձեռնությունը առաջինը չէ, քանի որ ընթացիկ տարում մենք աջակցություն ենք ցուցաբերել նաև մի շարք բազմազավակ և անապահով ընտանիքների»,- նշել է Ա. Առուշանյանը՝ հավաստելով, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արթուր Առստամյանն ասել է, որ ծրագրում ընդգրկված ընտանիքներն առաջին հերթին հոգեպես աջակցելու կարիք ունեն, և նման միջոցառումները զոհված ազատամարտիկների հարազատներին օգնում են մեղմել վիշտը և հիշեցնել, որ նրանք գտնվում են սրտացավ մարդկանց ուշադրության կենտրոնում:
Իսկ զոհված ազատամարտիկի այրի 67-ամյա Սոնյա Մաիլյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, նշել է, որ իրենք մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում, և հպարտ է, որ ազգի նվիրյալ զավակների հիշատակը հարգվում է նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից: