Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել:
Պետք է վաճառենք վերջին շապիկը և սուր գնենք՝ չարի առաջխաղացումը կասեցնելու համար. Պարգև Սրբազան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ արցախցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով: Թող այս գալիք տարին մեզ խաղաղություն բերի:
Նոր Տարին մենք առհասարակ սկսում ենք Սուրբ Ծննդյան տոնով` ամենամեծ խաղաղության տոնով, ինչպես դա ավետեցին երկնային հրեշտակներն իրենց երգեցողությամբ Մանուկ Հիսուսի Ծննդյան օրը Մսուրի մեջ, ուր ներկա էին երեք հովիվներ:
Մինչ այդ Բուն Արևելքից երեք իմաստուններ եկան և երկրպագեցին Նորածնին, որպես խաղաղության Թագավորի:
Իրոք Աստծո Որդին` ինքն Աստված և մեր Արարիչը ստիպված եղավ մարդանալ, մարդկային կերպարանք ստանալ: Հավիտենականը և Անսահմանը սահմանափակվեց մարդու սահմանափակ էության մեջ:
Աստված դա արեց սիրուց ելնելով, քանզի սիրում է իր մարդ արարածին, որպես արարչագործության թագ ու պսակի:
Խաղաղություն ու սեր բերեց աշխարհին: Ազդարարեց, որ մոտ է Աստծո արքայությունը, պատվիրեց սիրել միմյանց և նույնիսկ աղոթել վասն թշնամյաց, որպեսզի նրանք էլ դարձի գան և արժանանան փրկությանը:
Տերն ասաց մեզ, որ Ինքը տալիս է մեզ Իր խաղաղությունը, ոչ այն խաղաղությունը, որ տալիս է այս աշխարհը, որն էլ Տիրոջ խոսքի համաձայն` թաթախված է չարի մեջ:
Բայց պատվիրեց մեզ նաև ծայրահեղ պայմաններում վաճառել վերջին շապիկը և սուր գնել, որպեսզի կարող լինենք կասեցնել չարի առաջխաղացումը և պարտադրել միայն ու միայն խաղաղություն:
Այդ էլ մենք իրականացրեցինք ապրիլյան պատերազմի ժամանակ` պատերազմ չկամենալով հանդերձ:
Այսօր ազգովի մենք տոնում ենք Խաղաղության Նորածին Թագավորի ի հայտ գալը և ուրախանում ենք: Եվ այս բարի Ավետիսը պիտի տարածենք մեր բոլոր հարազատներին` ասելով. «ձեզ և մեզ մեծ Ավետիս` Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»:
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի վասն խաղաղության ու փրկության: Ամեն»: