Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է մինչ այս տարվա վերջ այցելել ամերիկյան բոլոր նահանգներ և կազմակերպել հանդիպումներ դրանց բնակիչների հետ։
2017-ի մարտահրավերը. Ցուկերբերգը մտադիր է մինչ տարվա վերջ այցելել ամերիկյան բոլոր նահանգներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ ինքն ամեն տարի իր առջև լուրջ նպատակ է դնում։ Այսպիսով, Ցուկերբերգը վազքով արդեն հաղթահարել է 365 մղոն, կարդացել 25 գիրք, սովորել չինարեն և ստեղծել արհեստական ինտելեկտ իր տան համար։
«Իմ անձնական մարտահրավերը 2017 թվականին ԱՄՆ-ի բոլոր նահանգներ այցելելն ու դրանց բնակիչների հետ մինչև տարեվերջ հանդիպելն է։ Ես արդեն շատ ժամանակ եմ անցկացրել մի քանի նահանգներում, ինձ պետք է այցելել ևս 30 նահանգ՝ հանձնարարությունն ի կատար ածելու համար»,-գրել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ նման շրջագայությունն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ինչ են ապագայի մասին մտածում երկրի բնակիչները։