Ադրբեջանի ՊՆ–ն հայկական կողմի հասցեին հերթական անհեթեթ մեղադրանքներն է տարածել։
Ադրբեջանի ՊՆ–ն հայկական կողմի հասցեին հերթական անհեթեթ մեղադրանքներն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ երկրի ՊՆ–ն Հայաստանին մեղադրում է «Թովուզի շրջանում՝ զորքերի շփման գծի մոտ, ԱԹՍ–ով տնայնագործ պայթուցիկ սարք նետելու մեջ»։
Ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ կազմած հաղորդագրության մեջ ասվում է, թե «սարքը հայտնաբերելուց հետո նախնական զննությամբ պարզվել է, որ այն բաղկացած է եղել էլեկտրական դետոնատորից, դետոնատորի լարից, մեծ թվով մետաղական տարրերից եւ սարքի պայթեցման համար սնուցման տարրերից»։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ «թշնամու կողմից նման ոչ ավանդական տնայնագործ պայթուցիկ օգտագործելը նպատակ ունի վնաս հասցնել առաջնագծում գտնվող ստորաբաժանումների անձնակազմին»։ Այս ստեղծագործությունը գրողին, ըստ երեւույթին, բոլորովին չի շփոթեցնում սեփական պնդումների հակասականությունը։ Պարզ չէ թե ինչ հիմքերով է Ադրբեջանի ՊՆ–ն պնդում, որ անօդաչուն, եթե այն գոյություն ունեցել է, «հայկական ծագման է»։
Ենթադրյալ «պայթուցիկ սարքի» բաղադրիչների թվում չգիտես ինչու նշված չէ հենց սարքը, թե ինչ է այն եղել։ Այսինքն՝ պայթուցիկ, ըստ էության, չի եղել, կամ էլ դրա մասին մոռացել են հիշատակել։ Թե ինչպես է էլեկտրական դետոնատորը «տնայնագործ» դարձել, նույնպես պարզ չէ։
NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով այդ անհեթեթ հաղորդագրությունը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սահմանափակվել է լակոնիկ արտահայտությամբ. «Վախի աչքերը լայն են»։