ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարության մեջ չկա դիրքորոշման փոփոխություն:
ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարության մեջ դիրքորոշման փոփոխություն չկա. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիրքորոշման որևէ փոփոխություն չկա և համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են, ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել, այդ է պատճառը, որ այս հայտարարությունը քննարկվեց», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ նման պատասխանի է հանգեցրել նաև լրագրողի` լկտի ձևով տրված հարցը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսին ադրբեջանցի լրագրողը նրանից հետաքրքրվել էր` «Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը միջամտելո՞ւ է Ադրբեջանի ներքին գործերին»։ Ի պատասխան Սերգեյ Լավրովը նշել էր, որ «դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ» և հավելել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կան բազմաթիվ որոշումներ: «Եթե հետաքրքրվում եք, կարող եք դիմել արխիվներին և տեսնել, թե ինչպես են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները կատարվել, ում կողմից են կատարվել, ում կողմից՝ ոչ», - ասել էր Լավրովը: