Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին` պահանջելով իրենց վերադարձնել փախած ութ թուրք զինվորականներին:
Թուրքիայի վարչապետը փախած զինվորականներին վերադարձնելու հարցով նամակ է ուղարկել Ցիպրասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Յըլդըրըմը հիասթափեցնող է որակել հունական դատարանի որոշումը զինվորականներին Թուրքիային չհանձնելու վերաբերյալ: «Այս թեմայով նամակ եմ ուղարկել Ցիպրասին: Դրանում հայտնել եմ մեր ակնկալիքներն առ այն, որ որոշումը ևս մեկ անգամ աչքի անցկացվի և նրանք հետ վերադարձվեն»,- ասել է Թուրքիայի վարչապետը` տեղեկացնելով, որ նամակին պատասխան դեռ չեն ստացել:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:
Հունաստանի Գերագույն դատարանը 2017 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել մերժել զինվորներին վերադարձնելու թուրքական կողմի պահանջը: Խնդրի առնչությամբ պաշտոնական Անկարան հայտնել է իր բողոքը` ասելով, որ այդ որոշումը կարող է վնասել թուրք-հունական հարաբերություններին: