Արցախի մարզիկներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքներ՝ Հայաստանի և միջազգային տարբեր առաջնությունների մասնակցելու համար:
ՀՀ սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը կանցկացվի Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը:
Անդրադառնալով 2017 թվականին կատարվելիք աշխատանքներին՝ Ա. Դանիելյանը նշել է, որ բացի սպորտի վարչության՝ օրացույցային պլանով նախատեսված միջոցառումներից, նախատեսվում է նաև այլ միջոցառումներ, որոնք կխթանեն առողջ ապրելակերպը՝ սպորտը մասսայականացնելով հասարակության մեջ:
«Փետրվարի վերջին ՀՀ սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունն անց է կացվելու Արցախում՝ Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի մարզադահլիճում: Առաջնությանը 18 քաշային կարգերում մասնակցելու է մոտ 200 մարզիկ՝ ՀՀ-ի քաղաքներից ու շրջաններից»,- մանրամասնել է վարչության պետը և հավելել, որ Արցախի թիմն ամեն քաշային կարգում 1-2 մարզիկ կներկայացնի:
Անդրադառնալով միջազգային ասպարեզում հանդես եկող արցախցի մարզիկների թվին՝ Ա. Դանիելյանը նշել է, որ այն հայտնի կդառնա ՀՀ-ում անցկացվող առաջնություններից հետո, որոնց արդյունքում որոշվելու և համալրվելու է ՀՀ հավաքական թիմերի կազմը: