Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը սպասում է իշխանությունների թույլտվությանը Ալեքսանդր Լապշինին այցելելու համար։
Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը թույլտվության է սպասում Ալեքսանդր Լապշինին այցելելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am–ի հետ զրույցում Բաքվում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ փետրվարի 8-ին դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ–ին՝ խնդրելով հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ տալ այցելել ՌԴ քաղաքացի Ա.Վ. Լապշինին Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ Հյուպատոսական կոնվենցիային համաձայն։ Իշխանությունները պարտավոր են նման թույլտվություն տալ 3 օրվա ընթացքում։ Պատասխան դեռեւս չի ստացվել։
Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: