Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, տեղեկացրել է, որ ամուսնու փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում:
Լապշինի նոր փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին նա գրառում է կատարել Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջում: «Փոքր-ինչ դրական տեղաշարժ կա: Երեկ Բաքվում սկսել է աշխատել մեր փաստաբանը: Ամեն դեպքում, արդեն Ալեքսանդրն ունի նորմալ և ադեկվատ պաշտպանություն, այլ ոչ թե կեղծ իրավաբան»,- ասել է նա:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Արցախ այցելած՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: