Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան:
Էլմար Մամեդյարովը կայցելի ՌԴ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդել է ՌԴ արտգործնախարարությունը:
Փետրվարի 18-ին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուբյուլօղլին քննարկել են այցի պատրաստմանը վերաբերող հարցեր:
Հայտնի է, որ փետրվարի 21-22-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց է կատարելու ՌԴ:
Նախարարներ Նալբանդյանը և Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։