Մեծ աշխատանքներ ենք տանում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ:
Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը:
«Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի գործողությունները: Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը, բայց գիտեք նաև, որ միջնորդական առաքելություն իրականացնող երկրների համար բարդ է դատապարտել մեկ կամ մյուս կողմին»,- ասել է Պ. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այսօր՝ մարտի 1-ին Արցախի Նախագահի հետ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպմանը՝ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ կարևոր է իրավիճակին ծանոթանալ տեղում՝ իրական շփումների միջոցով:
«Մենք միշտ էլ Արցախից ստանում ենք ճշմարտացի տեղեկատվություն: Ստրասբուրգում ունենք ներկայացուցիչ նաև Արցախից: Այս հանդիպումների ընթացքում ամեն անգամ մի նոր բան ենք սովորում»,- հավելել է Պ. Հովհաննիսյանը: