Մարտունու շրջանի Կավահան համայնքը շուրջ 10 տարի է՝ մայրաքաղաքի և շրջկենտրոնի հետ կապող հանրային տրանսպորտի միջոց չունի:
Կավահանը հանրային տրանսպորտի խնդիր ունի. համայնքի ղեկավարը իր մտահոգություններն է բարձրացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կավահանի համայնքի ղեկավար Սենորիկ Հակոբջանյանը և հավելել, որ գյուղն ունի ավելի քան 90 բնակիչ: Համայնքապետի խոսքով, գյուղի խնդիրների շարքում առաջատարը հանդիսանում է մայրաքաղաքի և շրջկենտրոնի հետ կապող հանրային փոխադրամիջոցի բացակայությունը, ինչը բնակիչների տեղաշարժի համար լրացուցիչ բարդություններ է առաջացնում:
«Խնդրի առնչությամբ դիմել ենք պատկան մարմիներին, սակայն մինչ օրս հարցը չի լուծվել: Կավահանցիները կեսկատակ կեսլուրջ ասում են, որ Ստեփանակերտից Երևան գնալը ավելի էժան է, քան գյուղից Ստեփանակերտ, քանի որ ստիպված տաքսի են վարձում՝ վճարելով մինչև 10.000 դրամ գումար»,- ասել է Ս. Հակոբջանյանը:
Ստեփանակերտի Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Լևոն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ են խնդրին, սակայն երթուղու ոչ շահութաբեր լինելու պատճառով ընկերությունները հրաժարվում են այն սպասարկելուց:
Խնդրի մասին տեղյակ են նաև Էկոնոմիկայի նախարարությունում, սակայն ինչպես նշեց փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, կոնկրետ քայլեր դեռևս այդ ուղղությամբ չկան: