Ներդրումներ ներգրավելը դիվանագիտական աշխատանքում շատ կարեւոր կետ է։
Ռուսաստանում ՀՀ դեսպանը ուշադրությունը կկենտրոնացնի առեւտրական ու քաղաքական հարաբերությունների զարգացման վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ մարտի 22-ին, Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում՝ ամփոփելով աշխատանքային առաջին օրերի արդյունքները։
Դեսպանը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվել Ֆինանսների նախարարության ու Անմիջական ներդրումների հիմնադրամի միջեւ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար հիմնադրամի ստեղծման վերաբերյալ։ Դեսպանի խոսքով՝ հայկական կողմը հիմնադրամի հետ համատեղ նոր նախագծեր կներդրի։
«Դա շատ հետաքրքիր համակարգային աշխատանք է։ Խոշոր, գործնականում ինքնիշխան հիմնադրամն աշխատում է շատ երկրների հետ», - նշել է դեսպանը՝ հավելելով, որ մոտ ժամանակներում Հայաստան կայցելի ռուս գործարարների մեծ խումբ։
«Ակտիվորեն աշխատում ենք Էկոնոմիկայի նախարարության եւ Գյուղնախարարության հետ։ Առանձին կոնկրետ բիզնես ծրագրեր ստեղծելու մտահղացումներ կան», - նշել է դեսպանը։
Նա ընդգծել է ռուսական կողմից աշխատանքի երկու կարեւոր կետ՝ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, հայկական արտահանման ապրանքների ու ծառայությունների կառուցվածքայնությունը եւ զուգահեռ քաղաքական երկխոսությունը։ Երկրների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի են, բայց փոփոխվող աշխարհի հետ կապված՝ դրանք պետք է համալրել, նշել է դեսպանը։