ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր՝ մարտի 23-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ):
Պետք է նոր որակ հաղորդել հայ-իսրայելական միջպետական հարաբերություններին. Սերժ Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին եւ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել եւ նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին: Նախագահը կարեւորել է վերջին շրջանում միջխորհրդարանական եւ հանրային հարաբերություններում նկատելի որոշակի աշխուժությունը:
Դեսպան Էլիյահու Յերուշալմին նշել է, որ իր երկրի կառավարության ուղերձը, որով ժամանել է Հայաստան, այն է, որ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ, եւ որպես դեսպան՝ կգործադրի ամեն ջանք այդ ուղերձը հնարավորինս արագ իրականացնելու համար: Ընդգծելով, որ Իսրայելում խորը ակնածանքով են վերաբերվում հայ ժողովրդին՝ Էլիյահու Յերուշալմին իր համար մեծ պատիվ է համարել ծառայել երկու հինավուրց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների եւ զարգացումների շուրջ: