Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի առկա և հեռակա բաժիններում սովորում է 160 ուսանող:
Մեր լավագույն ուսանողներին աշխատանքի ենք տեղավորում. Շուշիի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ իրենց ուսումնական հաստատությունում գործում են հետևյալ մասնագիտություններով բաժիններ՝ հագուստի մոդելավորում, միջավայրի դիզայն, զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ՝ նկարիչ-վարպետ, բրուտագործ, գորգագործ, կարպետագործ, փայտի փորագրություն, սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական-գեղարվեստական ստեղծագործություն, զբոսաշրջություն, ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում:
«Տարեցտարի նկատվում է ուսումնական հաստատություն դիմողների թվի աճ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զարդարային-կիրառական արվեստին և ժողովրդական արհեստներին, քանի որ Արցախն այդ մասնագետների կարիքն ունի,-ասել է Ջ. Հայրապետյանը և ընդգծել,- քոլեջի ուսանողների լավագույն ձեռքի աշխատանքները ներկայացվում են ցուցահանդեսներում»:
Ջ. Հայրապետյանի խոսքով՝ առկա բաժնում ուսման տևողությունը 4 տարի է, հեռակա բաժնում՝ 3:
«Մեր ուսումնասիրություններն արձանագրել են, որ քոլեջն ավարտածների 70 %-ը կարողանում է աշխատաշուկայում գործ գտնել: Քոլեջն ավարտած մեր ուսանողներին մենք էլ, հնարավորություններ ունենալու դեպքում, ապահովում ենք աշխատանքով. այսօր արդեն ունենք 7 ուսանող, որոնց աշխատանքի ենք տեղավորել. նրանք մեր լավագույն շրջանավարտներն են եղել»,-մանրամասնել է Ջ. Հայրապետյանը:
Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի հագուստի մոդելավորում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Ինեսա Պետրոսյանն էլ ասել է, որ ինքը մանկուց սիրել է հագուստի դիզայնով զբաղվելը:
«Երբ իմացա, որ այս քոլեջում կա հագուստի մոդելավորում բաժին, ես ընտրեցի հենց այդ մասնագիտությունը: Հայկական մոտիվներով նորաոճ զգեստներ եմ կարում: Արդեն ունեմ պատրաստի վերնաշապիկներ, կիսաշրջազգեստներ և շրջազգեստներ»,-նշել է Ի. Պետրոսյանը: