Բոլորը զարմանում են, երբ խոսում են իմ տարիքի մասին, սակայն հենց իմ հանդիսատեսի շնորհիվ է, որ երիտասարդ ես եմ մնում ու գնում եմ առաջ:
Արտիստը պետք է սիրի հանդիսատեսին. Ազնավուրը խոսել է կարիերան շարունակելու մտադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 92-ամյա ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 5-ին հանդես է գալու համերգով:
«Ես սիրում եմ իմ աշխատանքն ու հանդիսատեսին: Այս երկուսն ամենակարևորն են արտիստի համար: Եթե ես անգամ մի փոքր հոգնած եմ, դա չի նշանակում, որ դա կարող է ինձ կանգնեցնել, ես պետք է առաջ շարժվեմ իմ աշխատանքում, գնամ հանդիպման իմ հանդիսատեսի հետ, և ես դա անում եմ: Ես պետք է բարձրանամ բեմ»,- նշեց նա: Շանսոնյեն ընդգծեց՝ որպեսզի հանդիսատեսը սիրի արտիստին, նախ և առաջ արտիստը պետք է սիրի հանդիսատեսին: «Իմ հանդիսատեսն այսքան տարիների ընթացքում մնում է երախտապարտ և հավատարիմ: Հանդիսատեսն է ստիպում մեզ գնալ առաջ ու անել ավելին, քան նախորդ ? ?նգամ: Հանդիսատեսի շնորհիվ մենք երիտասարդ ենք մնում»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ստեղծագործական երկար տարիների ընթացքում ստացած մրցանակների հարցին` Ազնավուրը փաստեց, որ միշտ մեծ սիրով է դրանք ընդունել: «Կան մարդիկ, ովքեր հրաժարվում են բոլոր մրցանակներից: Ես միշտ ընդունում եմ այն, ինչ ինձ շնորհում են, քանի որ կարծում եմ, որ դա պատասխան է նրա, ինչ արել եմ իմ կյանքում և աշխատանքում: Օրինակ, ես երեք անգամ արժանացել եմ Ֆրանսիայի ամենաբարձր պարգևին»,- հիշեցրեց նա:
Երգիչը պատմեց, որ իր կյանքի ընթացքում առաջնահերթ է եղել սովորել այն լեզուները, որոնցով աշխատել է, օրինակ` իտալերեն, իսպաներեն և այլն: Թեպետ ռուսերենը դուրս է մնացել այդ առաջնահերթությունների ցանկից, սակայն այս պահին նա փորձում է սովորել նաև այդ լեզուն: «Մենք Աիդայի հետ, ցավոք, չկարողացանք սովորել ռուսերեն, սակայն մեզ համար ռուսերենը միշտ մոտ է եղել: Օրինակ, իմ հայրը միշտ ստորագրում էր ռուսերեն տառերով, նա կարող էր գրել վրացերեն կամ հայերեն, սակայն միշտ ստորագրում էր ռուսերեն»,- պատմեց նա: Ազնավուրը նաև ընդգծեց, որ թեպետ իր լեզու? ? ի ծնե եղել է հայերենը, սակայն իր աշխատանքային լեզուն ֆրանսերենն է: Նա նաև նշեց, որ ունի լեզուներ սովորելու իր տարբերակը, ամեն երկիր այցելելիս սիրում է այդ երկրի լեզվով կարդալ գովազդները: «Ֆրանսիայում կրթությունը վճարովի էր, ես հնարավորություն չունեի հաճախել ուսումնարաններ, համալսարաններ, ուստի իմ դպրոցը դարձել է փողոցը»,- նշեց նա:
Շանսոնյեն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված իր երգին` ասելով. «Ես գրել եմ երգ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, որը կոչվում է «Նրանք ընկան»: Իմ թուրք ընկերներն ասում էին` կարող էիր գրել երգ Հոլոքոստի մասին, ինչին իմ պատասխանն էր այն, որ ամենակարևորը ճիշտ արտահայտություն գտնելն է: Եվ այդ արտահայտությունն էր. «Այն, ինչ մարդն անում է մարդուն, կենդանին կենդանուն չի անում»:
Ազնավուրը նաև հայտնեց, որ երաժշտական կարիերան ավարտելու մտադրություն չունի: