Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանն՝ այսօր՝ ապրիլի 12-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ 2016թ-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. համեմատությամբ, համադրելի գներով, Արցախում աճել է 7.4 տոկոսով:
Անցած տարի Արցախի գյուղատնտեսությունում 7.4 տոկոսով աճ է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խոսելով գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի մասին՝ Կ. Ներսիսյանը նշել է, որ 2016թ. փաստացի գներով այն կազմել է 68.5 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68.4 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.1 մլրդ դրամ:
2016թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (31.2 տոկոս), մսի (26.4տոկոս), կաթի (15.0 տոկոս) արտադրությանը:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2.2 տոկոսային կետով հացահատիկային և հատիկաընդեղենային, 2.1 տոկոսային կետով՝ բանջարեղենի և 0.4 տոկոսային կետով կերային մշակաբույսերի արտադրության տեսակարար կշիռները:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խոսքով, 2016թ. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում կովերինը` 13.7 տոկոսով, խոզերինը`19.7 տոկոսով, մանր եղջրավոր անասուներինը` 16.6 տոկոսով և թռչուններինը` 8.3 տոկոսով: