Հայաստանի ռուսական ռազմակայանի սպաները ՀՀ-ում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցների աշակերտների հետ արիության դասեր են անցկացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարության նախաշեմին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի սպաները արիության դասեր են անցկացրել Հաղթանակի օրվա առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողների երեխաների հետ պարապմունքները տեղի են ունեցել Գյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի «Ռազմական փառքի» հուշահամալիրում եւ զորամասի պատմության թանգարանում:
Դպրոցականների համար պատմության դասին ելույթ են ունեցել պատերազմի վետերանները, ռուսական ռազմակայանի սպաները եւ մանկավարժները, որոնք պատմել են 1941-1945 թվականներին ֆաշիզմի դեմ պատերազմում Մեծ հաղթանակ տարած խորհրդային զինվորների սխրանքների մասին: Թանգարանի գրադարանում աշակերտները զրուցել են վետերանների հետ, դիտել վավերագրական ֆիլմեր՝ տեղեկանալով պատերազմի սկսվելու եւ գերմանական զորքերի կողմից Եվրոպայի երկրների եւ ԽՍՀՄ-ի տարածաշրջանների օկուպացման մասին: Սպաները պատմել են Մոսկվայի պաշտպանության եւ Կուրսկի եւ Ստալինգրադի մոտ տեղի ունեցած ճակատամարտերի մասին, ցուցադրել են զինվորական պարգեւները եւ մթերաբաժնի այն նորմաները, որոնք տրվում Էին Լենինգրադի շրջափակման ժամանակ:
Մինչեւ մայիսի 9-ը Գյումրիում եւ Երեւանում ՌԴ ՊՆ-ի դպրոցներում բացվելու են ստեղծագործական արհեստանոցներ, որտեղ անցկացվում են հաղթանակի տոնակատարությանը նվիրված ինքնատիպ բացիկների եւ պատի թերթերի պատրաստման մրցույթ: Բացիկները հանդիսավոր պայմաններում վետերաններին կհանձնվեն Հաղթանակի օրը: Լավագույն դպրոցականները, որոնք մրցանակային տեղեր կզբաղեցնեն Հայրենական մեծ պատերազմի ու նրա հերոսների մասին շարադրությունների մրցույթում, կմասնակցեն Երեւանում անցկացվելիք հանդիսավոր միջոցառումներին եւ «Անմահ գունդ» համառուսաստանյան ակցիային: