Ես տպավորված ու հիացած եմ արցախցիների տոկունությամբ:
Վստահ եմ՝ Արցախը միշտ էլ կանգուն է մնալու. բացառիկ զրույց Մարգարիտ Բարանկիցեի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
«Ապրելու տենչն ու հավատը, պայքարելու կորովը, սերը՝ մարդու և կյանքի նկատմամբ, փրկել է Հայաստանն ու հայերին,-ընդգծել է նա և նշել,- Twitter-յան իմ էջում կարդացել եմ, որ ադրբեջանցիները սպառնացել են ինձ, որ եթե ես ոտք դնեմ Արցախ, չեմ կարող երբևէ մեկնել Ադրբեջան:
Նրանց արձագանքն ինձ համար, իսկապես, մարտահրավեր էր, և ես դրան բացասաբար եմ վերաբերվում:
Ձեր պահվածքով դուք նոր հույս ու հավատ եք ներշնչում շատ շատերին: Այն ազգը, որի համար հենարան է հավատքը և Աստծո սերը, միշտ էլ կանգուն է մնալու,-մասնավորապես ասել է Մ. Բարանկիցեն և շեշտել,- երբ ես դարձա «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր, հասկացա, որ Ավրորա Մարդիգանյանի և հայ ժողովրդի անցած ուղին շատ նման է իմ անցած կյանքի ճանապարհին»:
Մ. Բարանկիցեի համոզմամբ՝ ինչպես Հայաստանն ու Արցախն էին փորձում ջնջել աշխարհի երեսից, այնպես էլ վարվել են իր հայրենի Բուրունդիի հետ:
«Երբ Շուշիի եկեղեցու բակում տեսա հրեշտակների թևերով երեխաների արձանիկները, զգացի, որ հենց հրեշտակներն են պահպանում այս երկիրը: Ես վստահ եմ՝ Արցախ աշխարհը միշտ էլ կանգուն է մնալու»,- ասել է Մ. Բարանկիցեին: